Գյուղատնտեսությունը Ապահովագրողների Ազգային Գործակալությունը (Այսուհետ՝ Գործակալություն)՝ հասարակական կազմակերպություն է, որի գործունեության նպատակը՝  գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրական համակարգի կոորդինացումն է, այդ թվում` Գործակալության անդամ ապահովագրական ընկերությունների գործունեության արդյունավետությանը նպաստելու և կարգավորելու՝ անդամ ապահովագրական ընկերությունների համար մաuնագիտական վարքագծի կանոններ մշակելու միջոցով:

Իր նպատակները իրականացնելու համար Գործակալությունը.

  1. մշակում է գյուղատնտեսության ապահովագրության ստանդարտ պրոդուկտներ,
  2. մշակում և համակարգում է Գործակալության կողմից մշակած գյուղատնտեսության ապահովագրության պրոդուկտների համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից տրամադրվող սուբսիդիանների տրամադրման գործընթացը և պայմանները,
  3. իրականացնում է շուկայի ուսումնասիրում և ակտուարական հաշվարկներ,
  4. անցկացնում է դասընթացներ գյուղատնտեսության ապահովագրության ոլորտում վնաս գնահատողների համար, իրականացնում է վնասը գնահատողների որակավորում,
  5. իրականացնում է գյուղատնտեսության ապահովագրության ոլորտի զարգացման համար անհրաժեշտ այլ գործունեություններ:


Գյուղատնտեսությունը երկրի տնտեսության առանցքային ոլորտներից մեկն է, որն ապահովում է ՀՆԱ-ի շուրջ 15 %-ը։ Այս ոլորտը բացառիկ կարևոր նշանակություն ունի երկրի պարենային անվտանգության ապահովման գործում: Սակայն, գյուղատնտեսական արտադրության կազմակերպման առումով Հայաստանի Հանրապետության տարածքն աչքի է ընկնում իր բարձր ռիսկայնությամբ, որի արդյունքում, գյուղատնտեսության ոլորտում ֆերմերները տարբեր բնական աղետների հետևանքով զգալի կորուստներ են կրում: Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարման և վերահսկման առավել արդյունավետ միջոցներից մեկը՝ գյուղատնտեսության ապահովագրության իրականացումն է:

Ապահովագրության ենթակա մշակաբույսերն են՝ ծիրան, խաղող, խնձոր, դեղձ, հացահատիկ (ցորեն, գարի, վարսակ), կարտոֆիլ, սալոր, ձմերուկ, սեխ, բալ և կեռաս:

Նշված մշակաբույսերը ապահովագրվում են և ապահովագրության պայմանագիրը տարածվում է՝

կարկտահարության և հրդեհի ռիսկից ծիրանի, խաղողի, դեղձի, հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,

կարկտահարության ռիսկից խնձորի, հացահատիկի, սալորի, կարտոֆիլի, բալի, կեռասի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա, իսկ ձմերուկի և սեխի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի և Արագածոտնի մարզերում գտնվող հողատարածքների վրա,

գարնանային ցրտահարության ռիսկից ծիրանի, խաղողի, դեղձի, սալորի, կարտոֆիլի ապահովագրության դեպքում՝ Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի, Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող հողատարածքների վրա,

երաշտի ռիսկից հացահատիկի ապահովագրության դեպքում՝ Կոտայքի, Տավուշի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզերում գտնվող չոռոգվող հողատարածքների վրա:

Գյուղատնտեսության ապահովագրությունն իրականացվում է պետության ֆինանսական աջակցությամբ՝ ապահովագրավճարի 50%-60% չափով (կախված ապահովագրական պրոդուկտի տեսակից) սուբսիդավորման միջոցով։


Պայմանագրի կնքման հիմք է հանդիսանում ապահովագրողի կողմից տրամադրված գրավոր դիմում-հարցաթերթիկը:
Ապահովադիրն Ապահովագրողին պետք է հայտնի ապահովագրության օբյեկտի վերաբերյալ, ապահովագրական պատահարի տեղի ունենալու և դրա արդյունքում հնարավոր վնասի չափը որոշելու համար էական նշանակություն ունեցող հանգամանքների մասին:
Պայմանագիրը կնքվում է գրավոր ձևով, երկու օրինակից: Պայմանագրին կից կարող են կնքվել լրացուցիչ համաձայնագրեր, որոնք հանդիսանում են դրա անբաժանելի մասը:

Պայմանագիր կնքելիս Ապահովագրողի պահանջով Ապահովադիրը պետք է ներկայացնի հետևյալ փաստաթղթերը՝

ա) Իրավաբանական անձի դեպքում՝ կազմակերպության տվյալները, հողամասի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը կամ ՀՀ իրավասու մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքը շրջադարձային կոորդինատների գծով կամ իրավական այլ փաստաթղթեր,

բ) Ֆիզիկական անձի դեպքում՝ ապահովադրի անձը հաստատող փաստաթուղթ, հողամասի սեփականության վկայականը կամ վարձակալության պայմանագիրը կամ ՀՀ իրավասու մարմնի կողմից տրամադրվող տեղեկանքը շրջադարձային կոորդինատների գծով կամ իրավական այլ փաստաթղթեր:

Պայմանագրի կորստի, վնասվածքի կամ ոչնչացման դեպքում Ապահովագրողն Ապահովադրի դիմումի հիման վրա վերջինիս տրամադրում է Պայմանագրի կրկնօրինակը: